Mormon Newsroom

Նախագահ Այրինգի ելույթը Վատիկանում անցկացվող ամուսնությանը նվիրված գագաթնաժողովին

Նախագահ Այրինգի ելույթը Վատիկանում անցկացվող ամուսնությանը նվիրված գագաթնաժողովին

Նորություններ

Կրոնական առաջնորդները և գիտնականները, ովքեր ներկայացնում էին 14 կրոնական ուղղություններ 23 երկրներից, նոյեմբերի 17--19-ը հավաքվել էին Վատիկանում` մասնակցելու Կաթոլիկ Եկեղեցու կողմից կազմակերպված ժողովին: Ժողովի նպատակն էր քննարկել, թե ինչպես են տղամարդը և կինը լրացնում միմյանց ամուսնական կյանքում:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահությունից, ով ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, ելույթ ունեցավ նոյեմբերի 18-ին: Նրան ուղեկցում էին Երեց Լ. Թոմ Փերին` Տասներկու Առաքյալների Քվորումից և Եպիսկոպոս Ջերալդ Խոսեն` Նախագահող Եպիսկոպոսությունից:

Ձեզ ենք ներկայացնում Երեց Այրինգի ելույթն ամբողջությամբ

Նոյեմբերի 18, 2014

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի

Վկայություն

Որպեսզի դառնանք մեկ

Ես երախտապարտ եմ, որ հրավիրված եմ վկա լինելու այս համաժողովին : Ես հատկապես երախտապարտ եմ հնարավորության համար`վկայություն բերելու, որ ամուսնական կապով միաբանված տղամարդը և կինը ունեն բացառիկ ուժ` կերտելու երջանկություն` իրենք իրենց համար, իրենց ընտանիքի և շրջապատի մարդկանց համար:

Ես ականատես եմ եղել համերաշխության զորությանը, որով ամուսնական կապով միավորված տղամարդն ու կինը ստեղծել են երջանկություն` իրենց և իրենց ընտանիքի համար: Վկայությունը, որ ես առաջարկում եմ, խիստ անձնական է, սակայն հավատացած եմ, որ իմ պատմությունը ձեզ կհիշեցնի ընդհանուր ճշմարտություններ, որ վերաբերում է շատ այլ զույգերի և ընտանիքների:

Վկայությունը, որ ներկայացնում եմ, սկսվում է այն ժամանակից, երբ ես ամուրի էի և ապրում էի իմ ընտանիքից հեռու: Ես կարծում էի, որ երջանիկ եմ ու գոհ: Ես ուսանում էի Մասաչուսետս նահանգի Քեմբրիջի Հարվարդի Համալսարանի դոկտորանտուրայում: Իմ հետազոտական աշխատանքը լավ էր ընթանում, իմ եկեղեցու օգնությամբ ես ծառայում էի մարդկանց և հաճախ ժամանակ էի գտնում թենիս խաղալու:

Մի առավոտ ինձ հանձնարված էր մասնակցել եկեղեցու ժողովին, որը տեղի էր ունենում մի պուրակում` Նյու Համփշիրում: Երբ ժողովն ավարտվեց, ես տեսա մի աղջկա երիտասարդ աղջիկների բազմության մեջ: Ես երբեք նրան նախկինում չէի տեսել, բայց մի զգացում համակեց ինձ, որ նա երբևէ իմ տեսած ամենալավ անձնավորությունն էր: Այդ երեկո նա եկավ Քեմբրիջի մեր եկեղեցու ժողովին մասնակցելու: Մեկ այլ հզոր միտք ծագեց իմ ուղեղում. «Եթե այս աղջիկն իմ կինը լիներ, ես կդառնայի այն ամենալավ մարդը, որ երբևէ ցանկացել եմ դառնալ»: Ես իմ կողքին նստած տղային ասացի. «Տեսնու՞մ ես այն աղջկան: Ես ամեն ինչ կտայի նրա հետ ամուսնանալու համար»:

Մենք ամուսնացանք առաջին անգամ նրանց տեսնելուց մեկ տարի անց: Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տաճարում: Բառերը, որոնք ասվեցին արարողության ժամանակ, ներառում էին մի խոստում, որ մենք կարող էինք լինել ամուսիններ և՛ այս կյանքում, և՛ հավերժության մեջ: Խոստումը ներառում էր նաև, որ, մեր հետագա բոլոր ժառանգները անպայման մեզ հետ կլինեին ընդմիշտ, եթե մենք ապրեինք այդ երջանկությանը համապատասխանող արժանավորությամբ: Մեզ խոստացվեց, որ այս կյանքից հետո մենք կարող էինք շարունակել վայելել այս կյանքում ստեղծած ընտանեկան հրաշալի հարաբերությունները:

Իմ կինն ու ես հավատում էինք այդ խոստումներին և ցանկանում էինք ունենալ այդ երջանկությունը: Դրա համար էլ մենք ապրում էինք այնպես, որ այն հնարավոր դարձնեինք կյանքի բազմազան հանգամանքներում: Շատ բաներ պատահեցին մեր կյանքում` հիվանդություններ և առողջացում, պայքար և բարգավաճում, վեց երեխաների և ի վերջո՝ 31 թոռների ծնունդ: Իսկ այստեղ ժամանելու օրը ինձ հայտնեցին, որ ծնվել է մեր առաջին ծոռը: Այդ բոլոր փոփոխությունների հետ միասին, մեր ընտանիքում, այնուամենայնիվ, միշտ տիրել է կայունությունը, որը սկսվել է ավելի քան 52 տարի առաջ կայացած մեր հարսանիքի օրից:

Ամենաուշագրավը ինձ համար եղել է այն հույսերի իրականացումը, որը ես զգացի այն օրը, երբ հանդիպեցի իմ կնոջը: Սիրելով նրան ու ապրելով նրա հետ, ես ավելի լավ մարդ եմ դարձել: Մենք լրացրել ենք մեկս մյուսին այնպիսի բաներում, որն իմ պատկերացումից վեր է եղել: Միաբանվելուն համընթաց՝ դաստիարակելու նրա ունակությունը արմատավորվել է նաև իմ մեջ: Եվ ամուսնական միասնությանը զուգահեռ՝ պլանավորելու, ուղղորդելու և առաջնորդելու իմ ունակությունը ընտանիքում փոխանցվել է նաև նրան: Ես հիմա եմ հասկանում, որ մենք դարձել ենք մեկ ամբողջություն՝ տարիների ընթացքում բարձրացնելով և ձևավորելով մեկս մյուսին: Մեկիցս մյուսին փոխանցվող ուժը չէր նվազեցնում մեր անձնական շնորհները:

Իսկ մեր տարբերությունները միավորվում էին. կարծես թե դրանք ստեղծված էին ավելի լավ ամբողջականություն կազմելու համար: Դրանք ավելի շատ կապում էին, քան բաժանում մեզ: Ամենից առաջ մեր եզակի ընդունակությունները մեզ թույլ տվեցին դառնալ գործընկերներ Աստծո հետ` մարդկային կյանք ստեղծելու գործում: Միասնությունից բխող երջանկությունը մեր զավակների և թոռների մեջ հավատ ստեղծեց առ այն, որ ամուսնությունը կարող է լինել գոհության շարունակական աղբյուր իրենց և իրենց ընտանիքների համար:

Դուք բավականին շատ դժբախտ ամուսնական զույգեր և ընտանիքներ եք տեսել, որպեսզի հարցնեք, թե ինչու որոշ ընտանիքներ դժբախտ են, մյուսները` երջանիկ: Դա կախված է շատ գործոններից, բայց մեկը հատկապես առանձնանում է ինձ համար:

Այնտեղ, ուր տիրում է եսամոլությունը, տղամարդու և կնոջ բնական տարբերությունները հաճախ բաժանում են: Այնտեղ, ուր չկա եսասիրություն, տարբերությունները փոխադարձաբար լրացնում են մեկմեկու և հնարավորություն տալիս օգնել և կայացնել միմյանց: Ամուսինները և ընտանիքի անդամները կարող են բարձրացնել մեկը մյուսին և բարձրանալ միասին, եթե ավելի շատ փնտրեն դիմացինի շահը, քան թե իրենց:

Եթե տղամարդու և կնոջ ներդաշնակ ամուսնության բանալին անշահախնդրությունն է, ապա մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի օգնենք կերտելու հաջող ամուսնության և ընտանեկան կյանքի վերածնունդը:

Մենք պետք է ուղիներ գտնենք` մարդկանց մեջ հավատ արթնացնելու առ այն, որ նրանք կարող են իրենց բնական անձնական շահը փոխարինել գթության ու բարյացակամության հարատև զգացմունքներով: Այդ փոփոխությամբ և միայն այդ դեպքում մարդիկ կկարողանան կատարել անշահախնդիր ամենժամյա զոհաբերություններ, որոնք անհրաժեշտ են երջանիկ ամուսնության և ընտանեկան կյանքի համար: Եվ կարևոր է, որ դա արվի ժպիտով:

Անհրաժեշտ փոփոխությունները պետք է սկսվեն կատարվել ավելի շատ մարդկանց սրտերում, քան թե ուղեղներում: Նույնիսկ ամենահամոզիչ տրամաբանությունը այս դեպքում բավարար չի լինի, եթե այն չի օգնում մեղմացնել սրտերը: Օրինակ, տղամարդկանց և կանանց համար կարևոր է հավատարիմ մնալը միմյանց և ընտանիքին: Սակայն վստահությունը դավաճանելու թեժ պահին, միայն սիրո ու հավատարմության ուժեղ զգացումները կարող են փրկել իրավիճակը:

Այդ նպատակով է հրատարակվել հետևյալ ուղեցույցը 1995 թվականին Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից լույս ընծայվեց «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրի տեսքով:

«Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար»: «Որդիքը Տիրոջ ժառանգությունն են» (Սաղ. 127.3): «Ծնողների սուրբ պարտականությունն է դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները, ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին, պահել Աստծո պատվիրանները և օրինապաշտ քաղաքացիներ լինել, որտեղ էլ որ ապրեն: Ամուսիններն ու կանայք` մայրերն ու հայրերը հաշվետու կլինեն Աստծո առջև այս պարտականությունների իրականացման համար»:

«Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից: Տղամարդու և կնոջ ամուսնությունը մասն է Նրա հավիտենական ծրագրի: Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ: Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով: Ըստ Աստվածային ծրագրի հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, մասնավորապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ: Անաշխատունակությունը, մահը կամ այլ իրադրությունները կարող են անհրաժեշտություն առաջացնել ընտանիքի համար հոգ տանողների դերերի փոփոխման: Անհրաժեշտության դեպքում ընտանիքները կարող են ապավինել նաև մերձավորների օգնությանը»:[1]

Սրանք այն քայլերն են, որ մարդիկ պետք է անեն, որպեսզի մենք ունենանք երջանիկ ամուսնությունների վերածնունդ և արդյունավետ ընտանիքներ: Այսպիսի վերածնունդը մարդկանցից կպահանջի անընդհատ ձգտել իդեալական ընտանիքի մոդելին, նույնիսկ, երբ երջանիկ արդյունքը չի շտապում երևալ և ջանքերը ի չիք են դառնում:

Մենք պետք է ոտքի ելնենք ու պաշտպանենք ամուսնության գաղափարը կնոջ և տղամարդու միջև: Պրոֆեսոր Լինն Ուորդլը ասել է. «Խնդիրը, որի հետ մենք բախվում ենք, ամառային զինվորների կամ հանգստյան օրերի ռազմիկների համար չէ, ովքեր հոժարակամ աշխատում են մի սեզոնի ընթացքում, հետո հեռանում»: [2] Մեր եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին առաջարկում էր համանման խորհուրդ, ինչպես նաև քաջալերանք, ասելով. «Մենք չենք կարող ազդեցություն գործել օրվա, ամսվա և տարվա շրջադարձի վրա: Բայց բավականաչափ ջանքեր գործադրելով, մենք կարող ենք շրջադարձ սկսել մեկ սերնդի շրջանակներում և հրաշքներ գործել երկու սերունդների սահմաններում»:[3]

Այսօր` Միացյալ Նահանգներում, մեր եկեղեցու ավելի քան մեկ միլիոն անդամ, ամեն օր ընտանիքներով հավաքվում են աղոթելու: Մեքսիկայում քառասունմեկ հազար (41,000) ընտանիք միասին կարդում է սուրբ գրություններ շաբաթը մեկից երեք անգամ: Բրազիլիայում յոթանասուն հազար (70,000) ընտանիք հավաքվում է երեկոյան աղոթքի, երկրպագելու և սուրբ գրություններ կարդալու ամիսը երկու կամ երեք անգամ: [4]

Սրանք փոքր թվեր են այն միլիարդավոր ծնողների և ընտանիքների համեմատ, որ Երկնային Հայրը տեսնում է վերևից` այս աշխարհին նայելիս: Բայց եթե այդ ընտանեկան կապվածությունը փոխանցվի մի քանի սերունդների, երջանկությունը և խաղաղությունը երկրաչափական պրոգրեսիայով կաճի աշխարհով մեկ սփռված Աստծո ընտանիքում:

Երբ մենք ջանում ենք կառուցել և խրախուսել հավատարիմ, նվիրված ընտանիքներ, որտեղ տղամարդն ու կինը միասնական են իրենց ընտանիքի աճի և դաստիարակման գործում, Տերը բազմապատկում է մեր ջանքերը: Երբ մենք միավորվենք այս գործում, ես խոստանում եմ առաջընթաց դեպի այդ երջանիկ արդյունքը: Հիսուս Քրիստոսի անունով, ում ես ծառայում եմ և ում վկան եմ ես, ամեն:

[1] «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Էնսայն, նոյեմբեր 2010, 129

[2] Լինն Դ. Ուորդլ, «Հարձակումը ամուսնության` որպես կնոջ և տղամարդու միության վրա», «Հյուսիսային Դակոտայի Օրենքի տեսություն», հ.83, 1387

[3] Գորդոն Բ. Հինքլի, Աջակցելով ինչ-որ բանի, (2000), 170

[4] Ռիչարդ Ջ. Մքլենդոն և Բրյուս Ա. Չադուիք, «Վերջին օրերի սրբերի ընտանիքները 21-րդ դարասկզբին»

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.